Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հունվարի 20-ին հյուրընկալվել էր Արցախյան պատերազմի ազատամարտիկ, զինվորական հաշմանդամ Գագիկ Հովհաննիսյանի բազմազավակ ընտանիքին: Ազատամարտիկի ընտանիքին Երիտասարդական հիմնադրամը նվիրաբերել է ընտանի կենդանիներ և անհրաժեշտ քանակության կեր՝ կենդանիների համար։
Հովհաննիսյաններն ունեն 12 երեխա։ Ընտանիքի մայրը՝ Արմենուհի Մանուկյանը, պատմում է, որ հոգսերը շատ են. «Ապրում ենք նպաստով, և հեռուստահաղորդումներից մեկի միջոցով Երիտասարդական հիմնադրամի ղեկավարությունը, տեղեկանալով, որ կարիքի մեջ ենք, խոստացավ աջակցել։ Կովն ու խոզը, որ հատկացրել է հիմնադրամը, կօգնեն, որպեսզի կարողանանք մեր հոգսը թեթևացնել»։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը նշեց, որ ՀԵՀ-ն իր սոցիալական ծրագրերի համատեքստում մշտապես ուշադրության կենտրոնում է պահում տարբեր ընտանիքների։ «Նրանց այսօր միացավ ևս մեկը՝ Հովհաննիսյանների բազմազավակ ընտանիքը։ Մեզ շատ ուրախացրեց այն հանգամանքը, որ օգնության մեր առաջարկին արձագանքեցին ոչ թե ֆինանսական, այլ ինչ-որ միջոց ձեռք բերելու խնդրանքով, որից հետագայում իրենք կկարողանան արդյունք ստեղծել։ Շատ գովելի է նման ընտանիքների՝ երկրին զավակներ պարգևելու պատրաստակամությունը, և մեզանից յուրաքանչյուրը պետք է փորձի աջակցել ու ձեռք մեկնել նրանց»,- նկատեց Արուսյակ Պողոսյանը։
Ընտանիքի հայրը՝ Գագիկ Հովհաննիսյանը, դեռ մարտի դաշտում էր ուխտել 12 արու զավակ ունենալ՝ ի հիշատակ պատերազմում զոհված իր 12 մարտական ընկերների: Տղաներն առայժմ 7 են, ում անվանակոչել է իր զինակից ընկերների անուններով:
Ծնողները նշում են, որ հպարտություն է 12 զավակ ունենալը, սակայն նրանց պահել-մեծացնելը հեշտ չէ, ուստի ցանկանում են, որպեսզի բազմազավակ ընտանիքները համապատասխան կարգավիճակ ստանան՝ դրանից բխող արտոնություններով։